Հանգստյան սեզոնն արդեն սկսվել է, և մեզանից շատերը պատրաստվում են այդ երկար սպասված հանգիստն անցկացնել արտասահմանում: Նույնիսկ եթե խոսքը գնում է կարճաժամկետ հանգստի մասին, մենք ձգտում ենք հաշվի առնել ամեն ինչ` ցանկացած անախորժություններից խուսափելու համար: Սակայն տհաճ իրադարձությունները, ինչպիսիք են առողջության անսպասելի վատթարացումը, ուղեբեռի կորուստը կամ չվերթի հետաձգումը, այնուամենայնիվ, պատահում են:
Այն ամենն, ինչ հարկավոր է անել Ձեզ և Ձեր հարազատների արտասահմանյան շրջագայության ընթացքում պաշտպանված լինելու համար` ուղևորության ապահովագրության վկայագրի ձեռքբերումն է: Վկայագրի առկայությունը թույլ կտա Ձեզ աշխարհի ցանկացած կետում զգալ վստահ ու հանգիստ և լիովին վայելել այն երկար սպասված հանգիստը, որին Դուք արժանի եք:
Չնայած ուղևորության ապահովագրության առկայությունը որոշ երկրներ այցելելու համար պարտադիր պայման է, մեզանից շատերը մինչ այժմ պատկերացում չունեն թե ինչ է այն իրենից ներկայացնում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հաճախակի տրվող հարցերի պատասխանները, որոնք կօգնեն Ձեզ պատկերացնել ուղևորության ապահովագրության պայմանները և կծանոթացնեն այն ծառայություններին, որոնք մենք պատրաստ ենք տրամադրել մեր հաճախորդներին:
Հայտնի է, որ բոլոր ապահովագրական ընկերությունները առաջարկում են ուղևորության ապահովագրության ստանդարտ ծրագիր, որը ծածկում է բժշկական, բուժատրանսպորտային, ինչպես նաև հետմահու ռեպատրիացիայի և ծառայողական կենտրոնի օգնության կազմակերպման ծախսերը: Ի՞նչ այլ ծառայություններ է տրամադրում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն:
Հաշվի առնելով աճող պահանջարկը` մեր Ընկերությունը մշակեց նոր և մեր կարծիքով Հայաստանի ապահովագրական շուկայի համար յուրօրինակ ապահովագրական ծրագրեր, որոնք ի տարբերություն ստանդարտ ծրագրերի կարող են նախատեսել նաև տրանսպորտային ծախսերի և իրավաբանական խորհրդատվության կազմակերպման ծախսերի հատուցում: Ակտիվ հանգստի սիրահարների համար գործում է հատուկ ծրագիր, որը հատուցում է սիրողական սպորտով զվաղվելու հետևանքով առաջացած ծախսերը: Մեր Ընկերությունը առաջարկում է նաև ապահովագրական ծածկույթ այնպիսի ռիսկերի համար, ինչպիսիք են ուղեբեռի կորուստը և ուղևորի քաղաքացիական պատասխանատվությունը: Վկայագրի միջին արժեքը տատանվում է 300 – 1500 դրամի սահմաններում` կախված ընտրած ծրագրից և ծածկույթի մեջ մտնող ռիսկերից: Ի դեպ ապահովագրական գումարը (հատուցման ենթակա առավելագույն գումարը) տատանվում է 15-60 հազ. ԱՄՆ դոլարի սահմաններում և համապատասխանում է միջազգային նորմերով ընդունված պահանջներին: Նշենք, որ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի ապահովագրության վկայագիր կարելի է ձեռք բերել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի ուղևորությունների համար կոնկրետ ժամանակաշրջանի ընթացքում:
Եթե ուղևորությունը երկար սպասված է և դրա համար երկար ժամանակ գումար է խնայվել, ապա պակաս կարևոր չէ ապահովագրվել ուղևորության չկայանալուց: Արդյո՞ք Դուք տրամադրում եք նման ծառայություններ:
Իհարկե մեր Ընկերությունը տրամադրում է նման ծառայություններ: Ի դեպ այն շատ տարածված է միջազգային պրակտիկայում: Ապահովագրության այս տեսակը ներառում է այն բոլոր ռիսկերը, որոնք կարող են վտանգել ուղևորության կայացմանը, մասնավորապես` գույքի վնասումը կամ դրա լրիվ կորուստը, շտապ կանչը զինվորական ծառայության կամ դատական քննության, որի հետևանքով ապահովագրված անձը ստիպված է չեղյալ համարել իր ուղևորությունը, ապահովագրված անձի, նրա ընտանիքի անդամների, բարեկամների և հարազատների մահը կամ առողջության վատթարացումը, ինչպես նաև այն անձանց մահը կամ առողջության վատթարացումը, ովքեր պետք է մեկնեին ապահովագրված անձի հետ արտասահմանյան ուղևորության: Այստեղ խոսքը գնում է ինչպես ավիատոմսերի, այնպես էլ տուրիստական փաթեթի` հյուրանոցային համարի և այլ ծախսերի արժեքի հատուցման մասին: Հենց այս դեպքերում է, որ մեր կողմից առաջարկվող ապահովագրությունը անհրաժեշտ է դառնում:
Հարկ է նշել, որ մենք դեռ այնքան էլ չենք սովորել ապահովագրել մեր ֆինանսական ռիսկերը: Մինչ սույն թվականի մարտին իսլանդական հրաբխի հետևանքով առաջացած չվերթների չկայանալու դեպքերը ապահովագրության այս տեսակը այնքան էլ մեծ պահանջարկ չուներ, սակայն չվերթների չկայանալու ռիսկի մեծացման հետ մեկտեղ ապահովագրության այս ծրագրի նկատմամբ պահանջարկը զգալիորեն աճեց: Ապահովագրության առկայությունը նշանակում է ուղևորության չկայանալու հետ կապված բոլոր ծախսերի հատուցում մեր Ընկերության կողմից, որի միջոցներով հնարավոր կլինի կրկին կազմակերպել ուղևորություն` դրա չկայանալու պատճառների վերացումից հետո:
Ի՞նչ է հարկավոր հիշել եթե տեղի է ունեցել ապահովագրական պատահար:
Եթե ուղևորության ընթացքում խնդիրներ են առաջացել և տվյալ ռիսկերը ներառված են ապահովագրական ծածկույթի մեջ (օրինակ առողջական խնդիրները), ապա առաջին հերթին հարկավոր է զանգահարել վկայագրի վրա նշված հեռախոսահամարով և հետևել ցուցումներին: Եթե ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել կապ հաստատել մեզ հետ, ապա հարկավոր է պահել կատարված ծախսերի վճարման կտրոնները, որոնք կհատուցվեն մեր Ընկերության կողմից դրանք ուսումնասիրելուց հետո:
Որքա՞ն հաճախ է Ձեր Ընկերությունը վճարում ապահովագրական հատուցում ուղևորության ապահովագրության գծով:
Պարբերաբար: 2010թ. առաջին կիսամյակի ընթացքում այս տեսակով վճարված ապահովագրական հատուցումները հատեցին 7 մլն ՀՀ դրամի սահմանը: Սակայն նշենք, որ հատուցումները շատ ավելին կարող էին լինել, եթե ուղևորները ավելի վստահեին ապահովագրական ընկերություններին և պատահարների ժամանակ մի քիչ ժամանակ ծախսեին համապատասխան փաստաթղթերն ու կտրոնները հավաքագրելու համար: Միևնույն ժամանակ պահանջարկի աճի դինամիկան ցույց է տալիս, որ այդ վստահությունը, այնուամենայնիվ, աճում է: Դրա ապացույցը այն է, որ մեր հաճախորդները ձեռք են բերում ապահովագրական վկայագրեր ոչ միայն Եվրոպա մեկնելիս (որտեղ ապահովագրության վկայագրի առկայությունը պարտադիր է), այլ նաև ուղևորվելիս հարևան Վրաստան կամ Թուրքիա:
Ի՞նչ է հարկավոր ուղևորության ապահովագրության վկայագիր ձեռք բերելու համար:
Ընդամենը այցելել մեր գրասենյակ և ներկայացնել անձնագիրը կամ դրա պատճենը: Մեր մասնագետները կտրամադրեն վկայագիրը ընդամենը 5 րոպեների ընթացքում:
Մաղթում ենք Ձեզ բարի ճանապարհ և անհոգ հանգիստ: