Order
Անհատներ Իրավաբանական անձինք
Արևշատ Մելիքսեթյանը նշանակվել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ գործադիր տնօրեն

2016-10-05

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԲԸ խորհրդի որոշմամբ Արևշատ Մելիքսեթյանը նշանակվել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում: Նա կփոխարինի ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանին, ով ՀՀ նախագահի հրամանագրով 2016թ. սեպտեմբերի 27-ից ստանձնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը:

Լևոն Ալթունյանի ղեկավարման 20 տարիների ընթացքում «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն փոքր ապահովագրական ընկերությունից դարձել է ՀՀ բոլոր խոշոր բնակավայրերում ավելի քան 40 գրասենյակ, շուրջ 1500 գործակալ և 250 աշխատակից ունեցող Հայաստանի ապահովագրության ոլորտում համակարգային կարևորություն ունեցող, միջազգային մակարդակի ապահովագրական ծառայություններ մատուցող կառույցի:

Արևշատ Մելիքսեթյանը, ստանձնելով Ընկերության ղեկավարումը, կապահովի ապահովագրության ոլորտում բարձրորակ և միջազգային ստանդարտներին համապատասխանող ծառայությունների մատուցման արդեն իսկ որդեգրված քաղաքականության շարունակականությունը:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն շուկայում հայտնի է ոչ միայն իր զարգացման և առաջընթացի բարձր տեմպերով, այլև ուժեղ և կայացած թիմով, որում առաջին հերթին գնահատվում է գիտելիքը, պրոֆեսիոնալիզմն ու ձգտումը: Պատահական չէ, որ նորանշանակ տնօրենը, լինելով տնտեսագիտության թեկնածու և ապահովագրական ոլորտում հայտնի մասնագետ, այսօր էլ շարունակում է իր կրթությունը Քեմբրիջի համալսարանում:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի հիմնադիր, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է. «Հանգիստ եմ ինչպես «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի ապագայի, այնպես էլ ընկերության կողմից ստանձնած ռիսկերի հուսալի կառավարման համար, քանզի ինձ փոխարինում է ազնիվ, բանիմաց, փորձառու մասնագետ, ով իմ համախոհն է: Ավելի քան տասը տարի է, ինչ ճանաչում եմ Արևշատին, ով ոչ միայն ապահովագրության բացառիկ գիտակ է, այլև իրական առաջնորդ: Համոզված եմ, որ նրա ղեկավարությամբ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն կշարունակի իր առաքելությունը և կնպաստի Հայաստանում ապահովագրական մշակույթի հետագա զարգացմանը»:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն Արևշատ Մելիքսեթյանը կստանձնի գործադիր տնօրենի պարտականությունները ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվելուց հետո։ Մինչ այդ նա կհանդիսանա գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

 

Արևշատ Մելիքսեթյանի մասին

Կրթություն

1999 – 2004թթ․ - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Ապահովագրական գործ, Ապահովագրական ընկերությունների կառավարման բակալավրի կոչում

2004 – 2007թթ․ - ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ, ասպիրանտուրա

2009 – 2011թթ․ - Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Երևան, Հայաստան, Բիզնես կառավարման Մագիստրատուրա Մարքեթինգ և Վաճառք ուղղությամբ

2015 – առ այսօր - Քեմբրիջի համալսարան, Judge Business School-ի Գործադիր բիզնեսի կառավարում մագիստրատուրա (Executive MBA)

Աշխատանքային փորձ

Հունվար 2007թ․ - Սեպտեմբեր 2016թ․ - ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ Գործադիր տնօրենի առաջին տեղակալ (վաճառքների և գույքային հատուցումների գծով)

Սեպտեմբեր 2002թ․ - Հունվար 2007թ․ - ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ Գույքի և բեռների ապահովագրության վաճառքի բաժնի ղեկավար

Հունիս 2001թ․- Օգոստոս 2002թ․ - ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ Վաճառքի մասնագետ

Այլ տեղեկատվություն

տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, անդամակցում է Մեծ Բրիտանիայի Chartered Insurance Institute-ին և հանդիսանում Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի խորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի երկու որդի։

Մեր գործակալները

Մարզեր:
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ներկայացված տեղեկատվության միջև անհամապատասխանության դեպքում առաջնորդվել հայերեն տարբերակով: